24/09/2019 10:58
ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել, Facebook-ի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ: Տարօրինակ և խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ հենց կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցների կողմից է տարածվում նման ստահոդ, անբարո տեղեկատվությունը՝ նման ճղճիմ մեթոդներով փորձ կատարելով վարկաբեկելու քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին: Հաշվի առնելով Հայկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչողություն ունեցող և կարևորագույն քրեական գործով առանցքային վկաներից մեկ լինելու հանգամանքը՝ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու նրա մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում», - նշել է նա:
Ավելի վաղ hayeli.am-ը գրել էր, որ իր տեղեկություններով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»: