24/09/2019 09:13
Նյու Յորքում համանախագահների և Մամեդյարովի հետ հանդիպմանը Մնացականյանը բարձրացրել է Բաքվում ՀՀ քաղաքացիների հայրենադարձման հարցը
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:
Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորեց զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվեց նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:
Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտեց վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:
Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։
Կողմերը նախանշեցին այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։