24/09/2019 15:36
Արդյունքներից գոհ եմ. ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը. Դավիթ Տոնոյանը՝ զորավարժությունների մասին
Այսպիսի բան, երբ հազարավոր մարդիկ ներգրավում են զորահավաքային վարժանքներին, երբևէ չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած զորավարժություններին:
«Շոտ շնորհակալ եմ բոլորին, որովհետև ընդհամենը 6 ժամ հետո հազարավոր զինապարտներ ներկայացան զինկոմիսարիատներ և հավաքակայաններ: Արդյունքներից գոհ եմ», - ասաց Տոնոյանը՝ նշելով, որ մասնակիցների թիվը իր ակնկալիքից էլ մեծ է եղել.
«Սա ինչ-որ մեծ հասարակական շարժում էր», - ասաց նախարարը:
Ինչո՞վ է պայմանավորում մասնակցության նման ցուցանիշը ՝ Տոնոյանը նշեց՝ բացատրական ու տեղեկատվական աշխատանքները:
Նախարարը նաև նկատեց, որ զորավարժություններն անհանգստության պատճառ չպիտի դառնան, քանի որ դրանք ընդհամենը նպատակ ունեն ստուգել կենտորնացված ղեկավարման կառավարման համակարգը, զորահավաքային պլանները, ՏԻՄ պլանները, տեխնիկական պատրաստվածությունը և այլն:
«Կարիք չկա անհանգստանալու, ուղղակի ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը», - ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019 թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկելու են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: