24/09/2019 15:58
Թե' գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե' ներգրավված անձնակազմի թվաքանակով. Տոնոյանը՝ հակառակորդի դիվերսիայի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դժվարանում է ասել՝ ինչո՞ւ է հենց այս փուլում տեղի ունեցել հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը.
«Չեմ կարող ասել՝ ինչո՞վ է պայմանավորվում, թե՛ գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե՛ ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ, շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են», - ասաց նախարարը լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է հայկական կողմը պատասխան հարվածի՝ նախարարը նշեց.
«Այս պահին պատասխան տալու չունենք, հակառակը՝ մեր հումանիտար պարտքը կատարել ենք, պաշտպանական բանակը իրականացրել է այն, ինչ պետք է իրականացներ»:
Տոնոյանը նշեց, որ երեկ երեկոյան դիակը փոխանցվել է ադրբեջանական կողմին:
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ փոխանցմամբ՝ սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը. ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Սահմանին լարված վիճակը, որոշ փորձագետներ կապել էին սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ: