24/09/2019 19:05
Այն բացահայտում է հին, ներկա և նույնիսկ ապագա Արցախը. Վահե Յանը ներկայացնում է «Արցախ հավերժի սահմանին» ֆիլմը
Սեպտեմբերի 27-ին տեղի կունենա ռեժիսոր Վահե Յանի «Արցախ․ հավերժի սահմանին» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը Academy Films, Associated Television International և Blitz Films ընկերությունների համատեղ արտադրանքն է։
«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը յուրատեսակ ճամփորդություն է դեպի սեփական ակունքներ։ Այն բաժանված է աշխարհաստեղծման հիմնական տարրերը խորհրդանշող չորս խորագրի, որոնք են հողը, ջուրը, օդը, կրակը:
Ֆիլմը չունի պատմողական-բացատրական տեքստ, հարցազրույցներ, քանզի այն նպատակ չի հետապնդում լինել հանրամատչելի հեռուստաֆիլմ: Այն յուրօրինակ աղոթք է՝ առ Աստված։
Ֆիլմը ցույց է տալիս Արցախի տեսանելի և թաքնված գեղեցկությունները` պատմամշակութային կոթողները, գողտրիկ անկյունները, քարանձավները, բարձրադիր ժայռերը, ամրոցներն ու վանքերը՝ որպես հազարամյա պատմության խոսող մագաղաթներ: Ֆիլմում հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում հոգևոր համալիրներին, վանքերին, հնամյա խաչքարերին և քրիստոնեական խորհրդանիշներին:
Մոտ մեկ ժամ տևող «ճամփորդությունը» բացահայտում է հին, ներկա և նույնիսկ ապագա Արցախը. փոքրիկ հողակտոր, որը հարուստ է հազարամյա պատմությամբ, մշտական պայքարով, ցավով, կորուստներով, սակայն և անկոտրում ոգով: