25/09/2019 12:00
Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում հին Հայաստանը չի որակվել որպես տոտալիտար կամ կոշտ ավտորիտար պետություն. ՍԴ նախագահի խորհրդական (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Գրիգոր Մուրադյանն ասում է՝ իր համար անհասկանալի է՝ ինչպե՞ս պետք է իրականացվի անցումային արդարադատություն, երբ որևէ իրավական փաստաթուղթ այդ մասին չկա։
«Մենք ինչի՞ հիման վրա ենք խոսում անցումային արդարադատության մասին, երբ որևէ իրավական նշանակություն ունեցող փաստի վրա չի հիմնվում անցումային արդարադատության որևէ մոդելի ներդրման հնարավորությունը Հայաստանում։ Անգամ ռազմավարության (Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը - խմբ.) մեջ, որը դժվար է դիտել որպես ռազմավարություն, հին Հայաստանը չի որակվել որպես տոտալիտար կամ կոշտ ավտորիտար պետություն։ Տարբեր զեկույցների հիման վրա անդրադարձ է կատարվում մարդու իրավունքների ենթադրաբար խախտումներին, բայց հարց է ծագում՝ որևէ իրավական կամ դատական ակտով դա փաստվե՞լ է, թե՞ ոչ», - այսօր «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց Մուրադյանը։
ՍԴ պաշտոնյան հեգնական է վերաբերում Ռազմավարության փաստաթղթի այն առաջնահերթությանը, որ հատուկ հանձնաժողովը պետք է գնահատի՝ արդյոք այս կամ այն դատական ատյանը ճի՞շտ է անդրադարձել որոշակի վեճերին, թե՞ դրանք հանգեցրել են մարդու իրավունքների զանգվածային խախտման։
«Զավեշտալի է այն, որ խոսք է գնում կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին, ինչը, կարծես թե, համենայնդեպս ողջամտության սահմաններում դասական գործառույթ է, որը պետք է բնորոշ լինի իրավապահ մարմիններին։ Բայց ինձ համար հեգնանքի առարկա է այն, որ ժամանակահատված է ընտրվել 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մայիսը։ Սա բացարձակապես անհասկանալի է, որովհետև եթե մենք խոսում ենք զանգվածային իրավախախտումների մասին, թույլ տվեք վկայակոչել, օրինակ, դատարանների մուտքերի արգելափակումը, որը հանգեցրել է բազմաթիվ անձանց արդար դատաքննության, դատարանի մատչելիության հիմնարար իրավունքների սահմանափակմանը։ Ավելին, այդ կոչը հնչեցրել է վարչապետը, այդ ակցիային ներգրավվել են բարձրաստիճան պաշտոնատար անձինք և դա հանգեցրել է նրան, որ ՀՀ դատական համակարգն, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը, որոշ ժամանակահատված կաթվածահար վիճակում էր», - նշեց Մուրադյանը։