25/09/2019 20:14
Գաղափարն ինձ դուր եկավ ու որոշեցի Հայաստանում իրագործել. գեղանկարիչ Կարեն Արայանը միջոցառումների ժամանակ կտավին է հանձնում օրվա խորհուրդը
Տոնակատարությունների՝ կնունք, ծնունդ, հարսանիքների ժամանակ մեծ պահանջարկ ունեցող ֆոտոսեսիաներին այսուհետ նոր ու գեղեցիկ ևս մեկ ծառայություն է ավելացել. Live Painting-ը կամ կտավի վրա երեկոյի հավերժացումը ԱՄՆ-ում և Եվրոպայում արդեն վաղուց տարածված երևույթ է, Հայաստանում՝ նորամուծություն, որը ձեռնարկել է գեղանկարիչ Կարեն Արայանը:
«Live Painting-ի մասին միտքն ինձ հուշեց ԱՄՆ-ից ընկերս՝ ասելով, որ դա ընդունված է ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ որպես էլիտար ընտանիքների անակնկալ-նվեր տարբեր միջոցառումների ժամանակ: Գաղափարն ինձ դուր եկավ ու որոշեցի Հայաստանում իրագործել: Փաստորեն, ես դարձա առաջինը Հայաստանում, ով սկսեց այս յուրօրինակ աշխատանքը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչը:
Կարեն Արայանն ընդգծում է՝ իր պատվիրատուներն այն մարդիկ են, ովքեր գնահատում են պահի հավերժացումը՝ արվեստի միջոցով: Հիմնականում հրավերները լինում են Երևանից ու Սանկտ Պետերբուրգից, երբեմն էլ՝ մարզերից: Ինքն էլ, բնականաբար, «գլուխ չի պահում» ու լուսանկարներից արտատպում. ամեն ինչ կտավին է հանձնում սեփական ձեռքով ու վրձնով:
«Օրինակ, վերջին միջոցառումը, որին մասնակցել եմ, Գյումրիում էր: Հրավերներ ունեմ Լենինգրադից, ինչը զարմանալի չէ, քանի որ այնտեղ արիստոկրատիան գերակշռում է: Ասեմ, որ գները տարբեր են՝ կախված նրանից՝ Երևանո՞ւմ է միջոցառումը, մարզերո՞ւմ, թե՞ ընդհանրապես Հայաստանից դուրս», - նշեց մեր զրուցակիցը:
«Ընդհանրապես, կտավի վրա հավերժանում են ոչ միայն միջացառման հյուրերը, այլև այն գեղեցիկ և տպավորիչ անակնկալները,որոնք տեղի են ունենում տվյալ երեկոյի ընթացքում», - զրույցը եզրափակեց Կարեն Արայանը: