25/09/2019 19:49
Հայաստանում ելույթ է ունեցել համաշխարհային մեծության դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում երևանյան բեմում հանդես եկավ աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը` ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին։ Երաժիշտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրեց Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգային երեկոյի ընթացքում նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց նաև Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» սյուիտը։
Նիկոլայ Լուգանսկին հիշում է, որ Հայաստանում առաջին անգամ եղել է 1980-ական թվականներին, երբ աշակերտ էր, և մեր երկիր էր ժամանել որպես պատանի երաժիշտ։
Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ հանդես է եկել 2018թ. գարնանը՝ Մալթայում։
«Շատ հաճելի էր նվագախմբի հետ ելույթ ունենալը։ Երիտասարդ երաժիշտներ են, էներգիայով, էնտուզիազմով լի»,- ասում է դաշնակահարը։
Դաշնակահարի խոսքով՝ դիրիժոր Սմբատյանի հետ համերգի ծրագիրը համատեղ են ընտրել ։ Քննարկել են մի շարք տարբերակներ, ի վերջո ընտրությունը կանգ է առել Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտի վրա։ Երաժիշտը նկատում է, որ իրեն շատ հոգեհարազատ է Պրոկոֆևի երաժշտությունը. այն շատ խորն է՝ լի աներևակայելի էներգիայով։
Հիշեցնենք, որ «Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։