26/09/2019 15:12
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վկայում են, որ Դուշանբեի պայմանավորվածությունները չեն գործում․ փորձագետ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը վկայում է, որ Դուշանբեի պայմանավորվածություններն այլևս չեն գործում, և նոր մեխանիզմներ են անհրաժեշտ։ Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։
«Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արած հայտարարության մեջ միջնորդները շեշտում են, որ դրական են գնահատում բռնությունը նվազեցնելուն ուղղված ջանքերն ամառվա ընթացքում և ափսոսանք են հայտնում սահմանին զոհի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև վստահության կառուցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը։ Փաստացի, միջնորդներն արձանագրել են, որ Դուշանբեի պայմանավորվածությունները չեն գործում, և անհրաժեշտ են նոր մեխանիզմներ։ Սա կարող է հնարավորություն լինել Հայաստանի իշխանությունների վրա՝ ուղղելու բացթողումն ու վերադարձնելու բանակցային սեղան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ թեկուզ այլ անվան ներքո», - ասել է փորձագետը։
Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդեն իրար հաջորդող համանախագահների երրորդ հայտարարությունն է, որտեղ ընդգծվում է «սուբստանտիվ բանակցությունների» անհրաժեշտությունը։
«Այս ձևակերպման խնդիրների մասին շատ է խոսվել։ Բավական է նշել միայն, որ սուբստանտիվ բանակցությունների ձևաչափի ամրագրումն ադրբեջանական կողմի ցանկությունն է, որի միջոցով Բաքուն ցանկանում է անժամկետ հետաձգել Արցախի կարգավիճակի հարցի կարգավորումը, դրա փոխարեն լուծել իր համար կարևոր այլ հարցերը։ Այս ձևակերպման կայուն պահպանումը միջնորդների հայտարարությունների մեջ վկայում է ընկալումների որոշակի փոփոխության մասին», - նշել է փորձագետը։
«Հայտարարության մեջ նաև հատուկ ուշադրություն է հրավիրվում ռազմատենչ և բանակցությունների արդյունքը կանխորոշող հայտարարությունների անընդունելիության վրա։ Սա, ցավոք, այսօր հավասարապես վերաբերում է և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, այն ինչ նախկինում միշտ հստակ է եղել, որ այդ կոչերի հասցեատերն Ադրբեջանն է, և հայկական կողմերն էլ պահանջել են ավելի հասցեական դարձնել այդ հայտարարությունները։ Վարչապետի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը հիմնավոր դարձրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հարցում հավասարության նշան դնելը»,- ընդգծել է Կարապետյանը։
Ամփոփելով փորձագետը նշել է, որ թե՛ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները վկայում են, որ հանդիպումն արդյունքներ չի արձանագրել, այդ թվում՝ առաջընթաց չկա նաև հումանիտար հարցերի կարգավորման ուղղությամբ։ Երկրների ղեկավարների հանդիպում ևս մոտ ապագայում չի սպասվում, ինչը վկայում է բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մասին։