26/09/2019 12:07
Վարչապետի՝ ՀՀ վերադառնալուց հետո եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրների շուրջ քննարկում կունենանք. Գարեգին Բ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:
«Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին Հայաստան այդ խնդրի առնչությամբ լուսաբանում կունենանք: Պարբերաբար հանդիպում ենք ու քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ ու հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի նաև այդ խնդրին», - ասաց Գարեգին Բ-ն լրագրողների հետ ճեպազրույցում:
Անդրադառնալով վերջին շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես, ուժային կառույցների ղեկավարների պաշտոններրը թողնելուն Գարեգին Բ-ն նշեց.
«Տեսնում ենք, որ բավականին հարցեր կան ծառացած մեր երկրի առջև, որոնք հուզում են ժողովրդին: Լիահույս ենք, որ բոլոր խնդիրները իրենց բարվոք լուծումը կստանան»:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պետություն-եկեղեցի հարաբերություններին՝ նշելով, որ եթե եկեղեցականները որոշեն «քանդել կառավարության ոտքի տակը», ապա ծնկի կբերվեն:
Aysor.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշել էր, որ վարչապետի նման հայտարարությունը հավելյալ պարզաբանման կարիք ունի: