26/09/2019 09:22
Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինենք բոլոր հարևանների համար՝ առանց որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։
Նա մասնավորապես, խոսել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ու հարևանների հետ հարաբերությունների մասին։
Նրա խոսքով, դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: «Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության», -նշել է նա:
Նաև հավելել է. «Մեր հարևանների և ռազմավարական գործընկերների միջև հարաբերություններում առկա տարաբնույթ լարվածությունը մեզ շատ անհարմար իրավիճակի մեջ է դնում: Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը և Իրանը մեր ռազմավարական հարևաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության և վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ և գործընկերային հարաբերություններ:
Մեզ համար լուրջ մարտահրավեր է մեր գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ որ ավելի վատ է՝ բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինենք բոլորի համար՝ առանց որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու: Եվ մենք կշարունակենք ջանքեր գործադրել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար»։