26/09/2019 13:46
ԵԱՏՄ երկրներից դեպի Սինգապուր արտահանումներ կազատվեն մաքսատուրքից
ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայանգրի միասնական փաթեթը մշակվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի որոշման համաձայն։ Այս համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի կնքման կողմերի մտադրությունը։ Սինգապուրի հետ անցկացվել է բանակցային 7 փուլ, նպատակն է եղել ձևավորել պայմանավորվածությունների փաթեթ։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ և միջավայր՝ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման համար», - ասաց նա։
Նախարարն ընդգծեց, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Սինգապուրը պարտավորվում է ներմուծման մաքսատուրքեր չկիրառել ԵԱՏՄ ծագման արտադրանքի համար։
Կառավարությունը հավանության արժանացրեց Տիգրան Խաչատրյանի ներկայացրած նախագիծը։