26/09/2019 10:44
Մինսկի խմբի համանախագահները բավարարված են բռնությունը նվազեցնելուն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի գործադրած ջանքերով. Հայտարարություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպել են Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ու քննարկել ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ գործողությունների մասին, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։
Համանախագահները ընդգծել են կողմերի գործադրած ջանքերի դրական արդյունքները ամառային շրջանում՝ խորը ցավ հայտնելով ճակատագրական ելքով վերջին միջադեպի կապակցությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են հունիսին վաշինգտոնյան հանդիպմանը հաջորդած գործողությունների արդյունքները՝ ներառյալ Փարիզում և Ժնևում ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հումանիտար և անվտանգային գործոններով պայմանավորված խորհրդակցությունները։
Համանախագահները նաև նշել են, որ մտադիր են առաջիկայում այցելել տարածաշրջան։