26/09/2019 09:51
«Ժողովուրդ». Ծանոթով գործի տեղավորելու սկզբունքն ամենևին էլ չի վերացել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է. սա Նիկոլ Փաշինյանի հայտնի սկզբունքն է: Թեպետ շատ են խոսում հենց վարչապետի եղբորորդու` Սիփան Փաշինյանի, ու Աննա Հակոբյանի եղբոր` Հրաչյա Հակոբյանի պատգամավորության մասին, բայց «Ժողովուրդ» օրաթերթի խոշորացույցի տակ են հայտնվել նաև գործադիր-օրենսդիրում հաստատված էլի շատ այլ խնամի-ծանոթ բարեկամներ:
Ամուսիններ են Աժ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: «Հատ-հատ բոլորի ականջները ծամելու» սպառնալիքով հայտնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ԱԺ համանուն խմբակցությունից Ծովինար Վարդանյանի քույրն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսին Դավիթ Կարապետյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Օրինակները բազմաթիվ են, և «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի այս շարքը: Հետևությունը մեկն է` ծանոթով գործի տեղավորելու սկզբունքն ամենևին էլ չի վերացել»: