26/09/2019 18:19
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Սերգեյ Բագրատյանին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին:
Aysor.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը։
«Երկու դատական գործ կա։ Առաջին դատական նիստը տեղի է ունեցել հուլիսին, իսկ երկրորդը նշանակված է հոկտեմբերի 2-ին։ Հայցապահանջի հիմքում դրել ենք այն, որ պատգամավորն ընկերությանը զրպարտող արտահայտություններ է արել։ Խոսքը վերաբերում է Ջերմուկի կրթահամալիրում փետրվարի 17-ին պատգամավորների և բնակիչների միջև հանդիպմանը, որի ժամանակ Սերգեյ Բագրատյանն ասել էր, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն թույլտվությունները ձեռք է բերել կոռուպցիոն մեխանիզմներով։
Մենք նրան հրավիրել ենք դատարան, ասել, որ ապացուցի իր խոսքերը։ Եթե ոչ, պահանջում ենք հերքել այդ խոսքերը և 2 միլիոն դրամ փոխհատուցում վճարել», - ասաց Արմեն Մելքումյանը։
Իրավաբանի խոսքով՝ ամռանը կայացած դատական նիստի ժամանակ պատգամավորը դատարանում հայտարարել է, որ ինքը նման արտահայտություն արել է, բայց այն չի վերաբերել «Լիդիան Արմենիային»։
«Վերջինս հրաժարվեց իր արտահայտություններից։ Բայց մեր տեսաերիզում, որը կցվել է որպես ապացույց, Սերգեյ Բագրատյանն իր խոսքը եզրափակում է հետևյալ արտահայտությամբ. «Սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»», - ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է պատգամավորի դեմ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած հայցին, ապա այն դեռևս վաույթ չի ընդունվել։
«Երկրորդ պահանջը ևս վերաբերում է զրպարտությանը։ Սեպտեմբերի 12-ին պարոն Բագրատյանն ԱԺ ամբիոնից արտահայտություն է արել, որ ընկերության կողմից 400 միլիոն դոլարի ներդրումները չեն համապատասխանում իրականությանը, այլ 20 անգամ ավելի ցածր գնով է արել այդ ամենը։ Այսինքն՝ ընկերության կողմից 20 անգամ ավելի բարձր գին է ներկայացվել, և որ «Լիդիան Արմենիան» շանտաժի է ենթարկում կառավարությանը։ Սա ևս դիտարկել ենք զրպարտություն, ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտություններ», - ասաց Արմեն Մելքումյանն՝ ավելացնելով, որ դատարանով պատգամավորից պահանջում են հրապարակային հերքում և 1 միլիոն դրամի փոխհատուցում։
Վերջում իրավաբանը նշեց, քանի որ պատգամավորը ներկայումս ընկերության հետ երկու դատական վեճի մեջ է, և առկա է շահերի բախում, իրենք դիմել են Ազգային ժողովի նախագահին՝ հայցելով, որ տվյալ խորհրդարանականը չմասնակցի «Լիդիան Արմենիայի» հետ կապված հարցերի քննությանը։
Հ. Գ. Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել նաև պատգամավորի հետ, սակայն նրա հեռախոսի ինքնապատասխանիչի միանալու պատճառով դա մեզ չհաջողվեց։ Առաջին իսկ հնարավորության դեպքում Aysor.am-ը կզրուցի նաև վերջինիս հետ՝ ներկայացնելով նրա կարծիքը։