26/09/2019 20:09
Սաուդցի արքայազնը ստանձնել է Խաշուքջիի սպանության հետ կապված միջադեպի պատասխանատվությունը
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը ստանձնել է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշուքջիի սպանության հետ կապված միջադեպի պատասխանատվությունը, ասվում է Frontline ցիկլի վավերագրական ֆիլմի ծանուցման մեջ:
Այն հինգշաբթի հրապարակվել է Ամերիկյան PBS (Public Broadcasting Service) հանրային հեռարձակման ծառայության կայքում: Լրագրող Մարտին Սմիթի այդ ֆիլմը եթեր կհեռարձակվի հոկտեմբերի 1-ին:
«Դա տեղի է ունեցել իմ ծառայության ժամանակ (PBS-ի տարբերակում՝ բառացիորեն՝ «իմ հերթափոխի ժամանակ»): Ես ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը»,-հայտարարել է արքայազնը:
Այնուամենայնիվ, նա պնդում է, որ իրազեկված չի եղել Խաշուքջիի հետ տեղի ունեցածի մասին: Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը պարզաբանել է, որ թագավորությունում 20 մլն հպատակ և 3 մլն պետական ծառայող կա, որոնք ունեն իրենց օրակարգն ու խնդիրները, և հնարավոր չէ իմանալ, թե ինչ է անում նրանցից յուրաքանչյուրը:
Գահաժառանգ արքայազնը մեկնաբանել է այն հարցը, որ լրագրողին «սպանածների թիմի» անդամները տեղից տեղ էին շարժվում Էր Ռիադի և Ստամբուլի միջև՝ թագավորական ավիապարկի մասնավոր բիզնես-ջեթերում:
Նրա խոսքով՝ պաշտոնյաները, նախարարներն ունեն առաջադրանքներ, պատասխանատվության գոտի, և նրանք իրավունք ունեն դա անել (օգտվել թագավորական ընտանիքի ինքնաթիռներից):
Խաշուքջին, որը հայտնի էր Էր Ռիադի քաղաքականությանը վերաբերող քննադատական հոդվածներով, անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում իր երկրի գլխավոր հյուպատոսություն այցելելիս:
Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական ներկայացուցչության շենքում սպանվել է ընդհարման հետևանքով:
Համաշխարհային հանրությունը խստիվ դատապարտել է այդ հանցագործությունը՝ կոչ անելով Էր Ռիադին՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել: