26/09/2019 12:20
Թրամփը կասեցրել է ԱՄՆ Վենեսուելայի և Իրանի իշխանությունների ներկայացուցիչների մուտքի թույլտվությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ստորագրել է Վենեսուելայի և Իրանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, նաև նրանց ընտանիքների՝ երկիր մուտքի թույլտվության կասեցման մասին հրամանագիր՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը պատմել է Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ այս օրերին տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումները:
«Վենեսուելայի և Իրանի բռնատիրական վարչակարգերի կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով այսօր (չորեքշաբթի) ես ստորագրել եմ հրամանագիր, որը կասեցնում է վարչակարգերի բարձրաստիճան ներկայացուցիչների և նրանց ընտանիքների՝ ԱՄՆ մուտքի թույլտվությունը»,- նշել է նախագահը: Նա լրացուցիչ մանրամասներ չի հայտնել իր հրամանագրի վերաբերյալ: