27/09/2019 13:40
Այդտեղ մեղադրանք չկա, շատ երկար շարադրություն է՝ մարդու քառասուն տարվա վաստակը ջուրը գցելու նպատակով. Ալիկ Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Այդտեղ մեղադրանք չկա, մի հատ շարադրություն է, հորինված շարադրություն, շատ երկար շարադրություն՝ մարդու քառասուն տարվա վաստակը ջուրը գցելու նպատակով, որ մի րոպեով շոու անեն, հեռուստացույցով ցույց տան, փորձեն մարդուն վարկաբեկեն ու դրանով ավարտվելու է, ուրիշ ոչ մի բան», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։
Նախկին ոստիկանապետն ընդգծեց՝ գործը չի կարող այն ընթացքը ստանալ, «ինչը որ իրենք երազում են»։
«Ես որևիցե բանի հետ կապ չունեմ, բնականաբար, ոչ մի կերպ մեղադրանքը չեմ ընդունում ու հույս չունենան, թե ես էն փափուկ պտուղն եմ, որ փորձեն իմ հետ խաղան», - ասաց նա։
Ալիկ Սարգսյանը նշեց, թե առայժմ լռում է ու սպասում։
«Տեսնեմ՝ վերջն ինչ է լինելու, էս գործի կյանքը, ընթացքը, վախճանը ինչ է լինելու։ Ես, իհարկե, գիտեմ, ուզում եմ հանրությունը տեսնի», - նշեց նա։
ՀՀ նախկին ոստիկանապետն ասաց, որ իրեն հրավիրել են ՀՔԾ, սակայն` ոչ հարցաքննության։
«Հրավիրել են, միանգամից ներգրավել են որպես մեղադրյալ քրեական գործի շրջանակներում, մի անգամ էլ կանչել են մի անհեթեթ բանի համար երկու տող բացատրություն են վերցրել», - ասաց Ալիկ Սարգսյանը։
Նախկին ոստիկանապետը պնդեց՝ որևէ առնչություն չունի, իր խոսքով, շարադրություն-մեղադրանքի հետ։
«Շատ սիրուն ձևակերպված է, երկար ու բարակ հոդվածների շարան, վերցվել է ստորագրություն չհեռանալու մասին և այլն, և այլն։ Էդ սաղ շատ սիրուն է, բայց դա ինձ չի վերաբերում, հասցեատերը սխալ են ընտրել, ես որևէ բանից ընկճվելու կարիք չունեմ: Կասեմ մի բան միայն՝ իմ ժողովուրդը թող իմանա, իմ ընկերները, բոլորը թող իմանան, որ դա չի կարող իմ հետ կապ ունենալ։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, ամեն ինչի, պատրաստ եմ, ինչպես որ ոմանք ցույց են տալիս, որ իրենք տղամարդ են, ըտենց դրսևորում էլ ես եմ ունենալու, թող ոչ մեկ չկասկածի», - ասաց նա։
Ալիկ Սարգսյանը նշեց՝ ոչ մի հերյուրանք չի կարող իրեն կպնել։
«Ես պաշտպանվելու ձևը գիտեմ, լուրջ իմունիտետ ունեմ արդեն, այս երկու տարի էլ պաշտպանվում եմ», - հավելեց ՀՀ նախկին ոստիկանապետը։
Հիշեցնենք՝ նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար:
Ալիկ Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։