27/09/2019 14:38
Ապացուցելու բան չունեմ, ես խոսքս իրենց չեմ ուղղել. Սերգեյ Բագրատյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին
Քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իմ դեմ դատական հայց է ներկայացրել՝ նշելով, որ ավելի վաղ արածս հայտարարությունը վնասել է իրենց գործարար համբավին, պատվին և արժանապատվությանը, մենք էլ դատական նիստի ընթացքում մեր մոտեցումները կփոխանցենք դատարանին և հանրությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Ջերմուկցիների հետ հանդիպման ընթացքում արված իմ հայտարարությունները վերաբերել են հանքարդյունաբերության մեջ կոռուպցիոն ռիսկերին՝ ընդհանրապես։ Դատի տալու հնարավորություն և իրավունք ունի այն կազմակերպությունը, որն ինքն իրեն կասկածում է կոռուպցիոն ռիսկերի մեջ։ Եթե տվյալ հանդիպման հայտարարության տեքստը նայեք, ես պատասխանում եմ մի գրության, որտեղ հարցը տրված է հետևյալ կերպ՝ ինչո՞ւ են հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաներ տրամադրվում այն կազմակերպություններին, որոնք վնաս են տալիս։
Ես բանավոր կերպով պատասխանում եմ, որ նախկին իշխանության օրոք եղել են կոռուպցիայի դեպքեր՝ նկատի ունենալով գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը, մամուլում տեղեկատվությունը։ «Լիդիան Արմենիա» անուն չկա ընդհանրապես։ Բնականաբար, «Լիդիան Արմենիայի» նկատմամբ մեծ հարգանք չունեմ, որ հոգնակիով խոսեի։ Կասեի՝ «Լիդիան Արմենիա», բայց ես ասել եմ «իրենք»։ Նրանք ոչ մի հիմնավոր ապացույց չունեն, որ դա իրենց է վերաբերում։ Եթե վերագրում են իրենց, դա իրենց իրավունքն է։ Իրենք պետք է ապացուցեն, որ նման ռիսկերի մեջ չեն։ Ես ապացուցելու բան չունեմ, ես խոսքս իրենց չեմ ուղղել», - շեշտեց Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորը միաժամանակ տեղեկացրեց, որ ընկերության՝ իր դեմ երկրորդ դատական հայցի հայցադիմումն առայժմ չի ստացել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում «Լիդիան Արմենիայի» իրավաբանը տեղեկացրել էր՝ իրենք Սերգեյ Բագրատյանի դեմ երկրորդ դատական հայցն են ներկայացրել։ Նա, մասնավորապես, ասել էր.
«Երկրորդ պահանջը ևս վերաբերում է զրպարտությանը։ Սեպտեմբերի 12-ին պարոն Բագրատյանն ԱԺ ամբիոնից արտահայտություն է արել, որ ընկերության կողմից 400 միլիոն դոլարի ներդրումները չեն համապատասխանում իրականությանը, այլ 20 անգամ ավելի ցածր գնով է արել այդ ամենը։ Այսինքն՝ ընկերության կողմից 20 անգամ ավելի բարձր գին է ներկայացվել, և որ «Լիդիան Արմենիան» շանտաժի է ենթարկում կառավարությանը։ Սա ևս դիտարկել ենք զրպարտություն, ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտություններ»։