27/09/2019 12:23
Վարդան Հարությունյանի գործով ՀՔԾ-ն նոր տեղեկություն չունի
Հատուկ քննչական ծառայությունը ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մասով նոր ասելիք չունի։
«Դեռ նոր բան չունենք տեղեկացնելու։ Այն, ինչ ասվել է, դա է՝ նրան առնչվող քրգործ կա վարույթում, նախաքննություն է կատարվում: Այս պահին այլ տեղեկություն չեմ կարող տրամադրել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նշեց՝ եթե հրապարակման ենթակա որևէ նորություն լինի, իրենք կտեղեկացնեն։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ «քրեական գործ է հարուցվել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ»:
«Հայտնի իրադարձություններից հետո, կարծես, կոռուպցիայի դեմ կիսապայքարը վերջապես վերածվում է լիարժեք պայքարի», - նշել էր պատգամավորը։
Իրավապահ մարմինները, սակայն, այդ առնչությամբ դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնել։