27/09/2019 19:47
Կյանք՝ լի արկածներով, դժվարություններով, վայրիվերումներով և հաղթանակով. Գարի Քյոսայանն ու Ալլա Սահակյանը կներկայացնեն «Ազնավուր» համերգ-ներկայացումը
Հոկտեմբերի 1-ին կլրանա ուղիղ 1 տարին, ինչ կյանքից հեռացել է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Սեպտեմբերի 30-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա «Ազնավուր» խորագիրը կրող համերգ-ներկայացում՝ նվիրված մեծ արտիստի հիշատակին։
Ներկայացման հիմքում Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական փաստերն են՝ կյանքը՝ լի արկածներով, դժվարություններով, ստեղծագործական վայրիվերումներով և հաղթանակով:
Մտահղացման հեղինակը դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանն է:
«Պիեսի հեղինակը ևս Ալլա Սահակյանն է, բեմականացումն էլ ինքն է անում, ընթացքին նրան միացավ նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: Դերասանները ներկայացնելու են Ազնավուրի կյանքը, կատարելու են նրա երգերը», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, ով իր ջազ քառյակով ներկայացման ողջ ընթացքում բեմում նվագակցելու է արտիստներին:
Բեմում են լինելու նաև դերասաններ Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանն ու Նարեկ Բաղդասարյանը: Ի դեպ, երկու գործողությամբ (50 և 45 րոպե տևողությամբ) համերգ-ներկայացման դերասանները ոչ միայն խաղում են, երգում, այլև պարում: Պարերի բեմադրությունը Ինեսա Արձաքանցյանին է:
Երաժշտական ձևավորումը Գարի Քյոսայանինն է: Հարցին՝ ինչպե՞ս է ընտրել, թե բազմաթիվ ստեղծագործություններից որոնք այդ օրը հնչեն, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Երգացանկը կազմել եմ պիեսում արծարծված թեմաներին համահունչ, պատահական ոչինչ չեմ ընտրել: Նաև ասեմ, որ Ազնավուրի երգերը նորովի ենք ներկայացնելու»:
Հատկանշական է, որ «Ազնավուր»-ը բեմում կլինի միայն սեպտեմբերի 30-ին, տոմսերն էլ վաղուց արդեն սպառված են:
Նշենք, որ մեկ տարի առաջ՝ շանսոնյեի մահվան օրը, Aysor.am-ը զրուցել էր Գարի Քյոսայանի հետ՝ փորձելով հնարավորինս բացահայտել Ազնավուրին, ոչ թե գործնական, այլ՝ անձնական հարաբերություններում: