27/09/2019 19:53
Երեխաները կկարողանան իրենց համար բարեկեցիկ ապագա անձամբ կերտել. «Հեքիաթֆիլմ»-ը երեխաների զարգացման համար հաղորդումներ է պատրաստում
«Հեքիաթֆիլմ» կինոստուդիան, որն այս տարի դառնում է 10 տարեկան, երեխաների համար ևս մեկ օգտակար նախաձեռնությամբ է հանդես գալիս. «Հեքիաթֆիլմ բլոգ»-ը երեխաների զարգացման համար ստեղծում ու ներկայացնում է տարբեր ձևաչափերի հաղորդումներ:
«Մեր կինոստուդիան հանրապետությունում միակն է, որը երեխաների համար ստեղծում է գեղարվեստական ֆիլմեր, հաղորդումներ ու տեսահոլովակներ՝ նպատակաուղղված կրտսեր սերնդի կրթությանը, զարգացմանն ու դաստիարակությանը: Կինոստուդիային կից բլոգն էլ՝ բազմատեսակ հաղորդումների շարքում, ներկայացնում է նաև նախադեպը չունեցող բիզնես հաղորդում՝ պատանիների համար», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց «Հեքիաթֆիլմ»-ի հիմնադիր Նարինե Մնացականյանը:
Անդրադառնալով հաղորդման ստեղծման նպատակին՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ փորձում են ամեն ինչ անել, որ երեխաներն ավելի հասուն մտածելակերպ ունենան, ավելի լավ հասկանան՝ ի՞նչ են անում և ո՞ւր են գնում: Իսկ գլխավոր նպատակն աճող սերնդին այնպիսի գիտելիքներ տալն է, որը նրանք որևէ այլ տեղ ձեռք չեն բերի: Այդկերպ, կկարողանան իրենց համար բարեկեցիկ ապագա անձամբ կերտել:
Հաղորդումը հնարավոր է դիտել կինոստուդիայի պաշտոնական կայքում, նաև՝ «Հեքիաթֆիլմ»-ի YouTube-ի ալիքում: Հաղորդման հյուրերը՝ պատանիների բիզնես-խորհրդատուները, կայացած ու հաջողակ գործարարներն են, որոնք իրենց փորձով պատանիներին կօգնեն այս տարիքից ծանոթանալ մարդու ստեղծող տեսակին ու նրա կյանքին:
«Պատանիները ձեռք կբերեն ստեղծարար մտածելակերպ և պատրաստ կլինեն մուտք գործել հասուն կյանք: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգտակար են լինում մեր հաղորդման ստեղծմանը: Առանձնահատուկ շնորհակալություն իմ գործընկեր, օպերատոր ու մոնտաժող Արսեն Շահնազարյանին», - մեզ հետ զրույցը եզրափակեց Նարինե Մնացականյանը: