27/09/2019 15:21
Շվեյցարիայի նվերը` Հանրային ռադիոյին. Հանրային ռադիոյի արխիվը կթվայնացվի շվեյցարական ժամանակակից տեխնիկայով
Հայաստանի հանրային ռադիոն և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունը ստորագրեցին տեխնիկական համագործակցության ծրագրի ամփոփագիրը:
Այս ծրագիրը մեծ դեր ունեցավ հայկական երաժշտական ավանդույթի պատմական հիշողությունը պահպանելու հարցում:
Ծրագրի շրջանակներում Շվեյցարիայից ժամանած մասնագետները կարգաբերեցին և վերանորոգեցին Հանրային ռադիոյի կողմից օգտագործվող շվեյցարական աշխարհահռչակ «Շտուդեռ» մակնիշի ժապավենային նվագարկիչները, որոնք օգտագործվում են ռադիոյի ֆոնդային ձայնագրությունները թվայնացնելու համար:
«Շտուդեռ» տիպի նվագարկիչները լավագույնն են աշխարհում, սակայն, քանի որ այլևս չեն արտադրվում, դրանց սպասարկումը չափազանց բարդ է:
Հանրային ռադիոն ունի 6 այդպիսի նվագարկիչ, որոնցից աշխատում էր միայն 3-ը:
Շվեյցարացի մասնագետների ջանքերի շնորհիվ ներկայում 6-ն էլ կատարյալ վիճակում են, ինչի արդյունքում ժապավենային արխվի թվայնացման արտադրողականությունը կրկնապատկվել է:
Կարգաբերման աշխատանքները անձամբ անցկացրել են «Շտուդեռ» գործարանի ինժեներ Յոհակիմ Յունգսթը և Յուրգ Շոպերը՝ «ՇՈՊԵՐ Էյ Ջի Վինթերտուր» ընկերությունից (Schopper AG Winterthur):
Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ այս ծրագրի իրականացումը անհնար էր պատկերացնել առանց տիկին Սյուզան Ռիբիցկի Վարգայի մեծ նվիրատվության՝ ի հիշատակ իր հոր՝ մաեստրո Տիբոր Վարգայի:
Հանրային ռադիոյի ձայնադարանում այժմ պահպանվում է ավելի քան 150 հազար ժամ տևողությամբ մոտ 100 հազար հեղինակային, երաժշտական կատարում, գրական-գեղարվեստական հաղորդումներ, ռադիոբեմականացումներ։
Ֆոնդում պահպանվել են ոչ միայն հայերեն, ռուսերեն, այլ նաև քրդերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, արաբերեն ձայնագրություններ, երգ-երաժշտություն, մշակութային, մանկական հաղորդումներ, ռադիոբեմադրություններ, հայ մեծերի ելույթներ, հարցազրույցներ և արխիվային այլ նյութեր: