28/09/2019 19:40
Արցախ այցելելու համար Ուկրաինայում քրեական պատասխանատվության չեն ենթարկում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը` հաշվի առնելով գործընկերների բազմաթիվ դիմումները, հայտարարություն է տարածել Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելությունների կարգի մասին, վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունը։
Կիևը զգուշացնում է իր քաղաքացիներին՝ Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։
«Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված տարածքներ այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ: Այդ օրենսդրության խախտումը ենթադրում է վարչական և քրեական պատասխանատվություն», - մասնավորապես ասված է Ուկրաինայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Պաշտոնական Կիևը հայտարության մեջ նշված է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, համապատասխանաբար, Ադրբեջանին և Վրաստանին պատկանելության մասին։
«Ուկրաինան անփոփոխ սատարում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը», - նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայաստանի արտգործնախարարությունում Aysor.am-ին հաստատեցին, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն հղում է անում Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությանը, այլ ոչ թե Ուկրաինայի։
Նշենք՝ հայկական մի շարք լրատվամիջոցների, այդ թվում, Հանրային հեռուստատեսության կայքի տարածած թարգմանության տեքստերի վերնագրերը, սակայն, ենթադրում են, որ քրեական պատասխանատվություն կարող է առաջանալ Ուկրաինայի օրենսդրությամբ, ինչն այդպես չէ։ Արցախ այցելելու համար Ուկրաինայի քաղաքացիներին այդ երկրի օրենսդրությամբ վարչական կամ քրեական պատասխանատվություն չի սպառնում։