28/09/2019 17:53
Մերօրյա խիզախ ու հերոս զինվորների հավաքական կերպարը մարմնավորում է 16-ամյա Լիլիթ Մռավյանը. Ռեժիսորը՝ «Իմ խաչը» սաունդթրեքի մասին. տեսանյութ
Արդեն համացանցում է հայտնվել իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի սաունդթրեքը: Երաժշտության հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանն է (Հայկո), խոսքերի հեղինակը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանը, երգը կատարում է Լիլիթ Մռավյանը: Aysor.am-ի հարցին, թե ինչո՞ւ որոշվեց երաժշտական հատվածը վստահել հենց այս եռյակին, ֆիլմի պրոդյուսեր և տեսահոլովակի ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանը խոստովանեց՝ այն, որ երաժշտությունը վստահելու են Հայկոյին, որոշել են դեռևս ֆիլմը նկարահանելու ժամանակ:
«Ֆիլմի նկարահանումների ժամանակ արդեն իսկ որոշել էինք, որ երաժշտությունը վստահելու ենք Հայկոյին, և երաժշտության հետ կապված աշխատանքները սկսեցինք 2018 թվականից։ Ի սկզբանե նախատեսել էինք, որ ֆիլմը պետք է ունենա սաունդթրեք, որը կհնչի ֆիլմի ավարտին, բայց Հայկոն խնդրեց, որ սաունդթրեքի երաժշտությանը անդրադառնա ֆիլմի ամբողջական ստեղածագործությունը ստեղծելուց հետո։ 2019 թվականի մայիսին, երբ արդեն ֆիլմն ամբողջությամբ պատրաստ էր, ծնվեց «Իմ խաչը» երգի երաժշտությունը, իսկ խոսքերը հանձնեցինք Ավետ Բարսեղյանի գրչին՝ համոզված լինելով, որ նա իսկապես կկարողանա ընդամենը մի քանի տողով ունկնդրին փոխանցել ֆիլմի ողջ խորությունն ու ասելիքը»,-մանրամասնեց ռեժիսորը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Լիլիթ Մռավյանի ընտրությունը հաղորդագրություն ունի. նախ, երգչուհու հետ աշխատել են մի քանի նախագծերում ու համոզվել, որ նա նոր սերնդի լավագույն կատարողներից է, նաև՝ 16-ամյա աղջնակի երգում անցյալն ու ներկան են ներդրել:
«Ինչպես ֆիլմում շատ դերասաններ մարմնավորում են մեր անցյալի հերոսների հավաքական կերպարները, այնպես էլ երգում որոշեցինք մերօրյա խիզախ ու հերոս զինվորների հավաքական կերպարը տեսնել 16-ամյա աղջակ մեջ։ Հուսով եմ՝ մարդիկ կհավանեն մեր աշխատանքը և «Իմ խաչը» երգը կվայելի հանրության սերը»,-նկատեց Հրաչյա Մեսրոպյանը:
Տեսահոլովակի բեմադրող օպերատորը Տիգրան Խաչատուրյանն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ից մեծ էկրանին կհայտնվի իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը, որը պատկերավոր ներկայացնում է 1991-1992 թվականների Արցախյան ազատագրական շարժման տարիները։ Հենց այստեղ է ծնունդ առնում ֆիլմի գլխավոր հերոսներ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի սիրո պատմությունը, որոնց մարմնավորում են Երո Մուրյանը և Նարինե Գրիգորյանը: Նկարահանվել են նաև Ալեքսանդր Խաչատրյանը, Սարգիս Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը և այլք:
Կինոնկարի ռեժիսորներն է Շավարշ Վարդանյանը, ով ֆիլմում օգտագործվել է իր անձնական արխիվից վավերագրական կադրեր, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու:
Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանն ու Վալերի Սահարյանը: