29/09/2019 13:18
Բացարձակապես նոր հնարավորություններ են ստեղծվում Սինգապուրի և Հայաստանի բիզնեսի համար. Փաշինյան
Կառավարությունները չեն կարող բիզնեսներին թելադրել որևէ տեղ ներդրում կատարել, կառավարությունների դերն է անել առավելագույնը, որ փոխադարձաբար ներդրումները լինեն ձեռնտու, Երևանում գտնվող Սինգապուրի վարչապետի հետ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս նոր պայմանագրով, որը պետք է ստորագրվի, ապա` վավերացվի, բացարձակապես նոր հնարավորություններ ենք ստեղծում և' Սինգապուրի, և' Հայաստանի բիզնեսի համար, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքի բիզնեսի համար», - լրագրողներին ասաց վարչապետ Փաշինյանը:
Սինգապուրի վարչապետ Սյեն Լուի խոսքով`ազատ առևտրի համաձայնագիրը էական արդյունք կունենա:
«Համաձայնագիրը կնվազեցնի առևտրի սակագնային խոչընդոտները, որպեսզի շուկան ավելի հասանելի դառնա ոչ միայն ապրանքների, այլ նաև` ծառայությունների գործունեության համար: Այս պահի դրությամբ Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրաշրջանառության ծավալը բավական փոքր է: Հուսով եմ, որ ծավալները կավելանան, երկուստեք կապերը կամրապնդվեն և դա մեզ հնաավություն կտա ավելին անել միասին», - ասաց Սինգապուրի վարչապետը: