29/09/2019 19:41
Նա ինձ երբևէ հանդիպած ամենաարժանի մարդն է. այսօր դիզայներ Սվետլանա Բեգոյանի հարսանիքն է. (Լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել դիզայներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունը: Իր անձնական նորությունները երբեք հրապարակել չսիրող և դրա փոխարեն հանրությանն իր աշխատանքներով ներկայացող Սվետլանան խոստովանում է, որ վերջին շրջանի պասիվությունը պայմանավորված էր անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությամբ:
Դիզայների խոսքով՝ իր ընտրյալին՝ Մելիք Սոֆոյանին, բավական երկար ժամանակ է, ինչ ճանաչում է, սակայն շփում չկար:
«Մեր հարաբերություններն այլ ընթացք ստացան միայն այս ձմռանը, չնայած, մինչ այդ էլ ճանաչում էի Մելիքին» ,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Սվետլանան՝ հավելելով, որ ամեն բան փոխվեց Աստծո կամոք:
«Նա ինձ երբևէ հանդիպած ամենաարժանի մարդն է, ում էլ որոշեցի նվիրել իմ մեծ սերը: Մեր հարաբերութուններն էլ ունեցան տրամաբանական զարգացում. նախ նշանադրվեցինք, իսկ արդեն տևական ժամանակ է, ինչ պատրաստվում էինք մեր հարսանեկան արարողությանը: Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր հարցում շատ եմ կարևորում ավանդական լուծումները: Մելիքն էլ է բավական ավանդապաշտ, ըստ այդմ էլ՝ մենք մեր հարսանեկան արարողությունը կազմակերպել ենք հայկական ավանդույթների համաձայն»:
Չնայած ավանդական լուծումներին՝ Սվետլանան նշում է, որ հարսանեկան արարողության ձևավորման հարցում նաև ոչ ավանդական լուծում են ընտրել.
«Այս հարցում ամուսինս վստահել է ինձ և իմ ընտրությանը: Մեր հարսանեկան արարողությունը սրահում իմ սիրած գույնի ընտրությամբ է»:
Դիզայները վստահեցրեց, որ անպայման վերադառնալու է իր սիրելի աշխատանքին:
«Մելիքն ի սկզբանե շատ է հավանել իմ աշխատանքները, վստահ եմ, որ հենց նա է լինելու իմ նոր մասնագիտական ձեռքբերումների առիթը: Հիմա էլ ամեն բան փորձում է անել, որպեսզի ես ավելի կատարելագործվեմ: Շարունակելու եմ աշխատել, իսկ 2020-ին կփորձեմ նորից լինել գերակտիվ մեր հայկական նորաձության ասպարեզում»,-զրույցը եզրափակեց հարսնացուն: