30/09/2019 19:27
Հայաստանը որևէ սահմանափակում չի տեսնում Իրանից գազ ներկրելու առնչությամբ. իրանագետ
Հայաստանն իրանական գազի հետ կապված երկու մոտեցում ունի։ Առաջինը ներկայումս իրականացվող «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն է։ Ինչ վերաբերում է ուղիղ ներկրումներին, հայկական կողմն այս առումով մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանն՝ անդրադառնալով ռուսական գազի թանկացման ֆոնին Իրանից ուղիղ ներմուծումների հնարավորությանը։
«2020 թվականին՝ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտից հետո, մենք ավելի շատ էներգիա կվաճառենք Իրանին և երեք անգամ կմեծացնենք իրանական գազի ներկրման ծավալները։ Ինչ վերաբերում է ուղիղ ներկրումներին, մենք որևէ սահմանափակում չենք տեսնում Իրանից գազ ներկրելու առնչությամբ։ Ավելին, այս տարվա ամռանը Թեհրանում կայացավ Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը, որտեղ քննարկվեց «Գազ՝ ապրանքի դիմաց» հարցը։ Այս ուղղությամբ առայժմ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել», - ասաց իրանագետը։
Արմեն Իսրայելյանի խոսքով, պաշտոնական Երևանն իր հստակ դիրքորոշումը հայտնել է նաև տարանցման խնդրի շուրջ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում այդ հարցը քննարկվել է իրանական կողմի հետ, և Հայաստանը հայտարարել է, որ որևէ խոչընդոտ չի տեսնում և պատրաստ է իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան կամ այլ ուղղությամբ արտահանելու։ Այս փուլում կարող ենք արձանագրել՝ չկա այնպիսի մի իրավիճակ, երբ Իրանը և մյուս կողմը համաձայնություն ունեն, իսկ Հայաստանը կաշկանդված է որևէ գործոնով», - ամփոփեց մեր զրուցակիցը։