30/09/2019 10:20
Դատական համակարգը հեղափոխությունից հետո կործանվել է. Գագիկ Խաչատրյանի փաստաբան
Այսօր Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո, որի համաձայն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ, նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դատական համակարգը հեղափոխությունից հետո կործանվել է։
«Հեղափոխությունից հետո մի որոշ շրջան առաջընթաց կար, երբ դատարանները որոշակի անկախություն, ազատություն ստացան։ Բայց այժմ պետք է արձանագրել, որ այս համակարգը ընդհանրապես կործանվել է։ Սրանք պարզապես խոսքեր չեն, որովհետև յուրաքանչյուր անձ, որն առնչվում է այդ համակարգին, կասեր, որ վերաքննիչ դատարանը այն մեկ հույսն էր մնացել, որ կարողանում էր որոշում կայացնել անկախ։ Մինչ այժմ անկախ որոշումներ կայացրած դատավոր Ռուբեն Մխիթարյանն այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք եղել են իր նկատմամբ», - այսօր Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո հայտարարեց Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Խաչատրյանը ներկա է եղել Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակմանը և նրա համար սպասելի էր նման ելքը։
Խաչատրյանը, հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հետ: Նրա վերաբերյալ երկու քրեական գործերն այս պահին քննվում են մեկ վարույթում:
Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանին մեղսագրվող հանցագործության վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի, հետևաբար հենց միայն դա հիմք էր, որ դատարանը ազատեր կալանքից Գագիկ Խաչատրյանին։
Ինչ վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ մեղադրանքին (Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մաս), Սարգսյանն ասաց, որ այդ հոդվածով համաներման ակտը պետք է կիրառվեր։
«Եթե այդ մեղադրանքով նույնիսկ դատարանը հիմնավոր կասկած հայտնաբերեր, ապա պետք է կիրառվեր համաներման ակտը։ Վճռաբեկ դատարանն ունի նախադեպային որոշում, որտեղ հստակ արձանագրվում է՝ եթե որևէ առերևույթ հանցագործության նկատմամբ առերևույթ համաներում է կիրառվում, ապա դատարանն ուղղակի պարտավոր է մերժել կալանավորման միջնորդությունը», - հայտարարեց Երեմ Սարգսյանը։