30/09/2019 10:00
Գագիկ Խաչատրյանը կալանքից ազատ չի արձակվի
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանների միջնորդությունը, ինչը նշանակում է, որ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Խաչատրյանը, հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հետ: Նրա վերաբերյալ երկու քրեական գործերն այս պահին քննվում են մեկ վարույթում:
Այս քրեական գործի շրջանակներում կալանավորված է նաև նրա եղբորորդին՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը:
Ավելի վաղ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը և բողոքարկել էր նրան կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արտուշ Գաբրիելյան) որոշումը։