30/09/2019 14:41
Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման պրոցեսը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով. փաստաբան
Բացարձակ անօրինական է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին առաջին ատյանի դատարանի որոշումներով կալանավորելը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերջիններիս փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Ի սկզբանե ամբողջ պրոցեսը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով։ Դեպքը տեղի է ունեցել 20։00-ին, դրանից հետո Նարեկ Մութաֆյանը գնացել է իրենց տուն։ Փախուստի փորձ կամ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորում չի եղել։ Գիշերը ժամը 3-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները, հանդես գալով որպես շտապօգնության աշխատակիցներ, թակել են իրենց դուռը և բերման ենթարկել», - ասաց Եփրիկյանը։
Պաշտպանը նշեց, որ Նարեկ Մութաֆյանին ծանուցագիր չի ուղարկվել։
«Անձին բերման ենթարկելուց հետո ձերբակալում են։ Ձերբակալման համար առկա հիմքերից որևէ մեկը չունենք։ Նույնը տեղի է ունեցել նաև Սարգիս Օհանջանյանի պարագայում։ Նրան ևս ոստիկանության բաժին չեն հրավիրել, բայց բերման են ենթարկել և ձերբակալել են, կալանքի միջնորդություն են ներկայացրել, դատավորները կայացրել են բացառիկ ապօրինի դատական ակտեր, որոնց արդյունքում պաշտպանյալներս գտնվում են անազատության մեջ»։
Ըստ փաստաբանի՝ որևէ հիմնավորում չի եղել կալանքի վերաբերյալ միջնորդություններում։
«Դատական նիստի ընթացքում մեր կողմից երկու միջնորդություններն էլ գլխովին ջախջախվել են։ Հիմնավորել ենք, որ այդ միջնորդությունները հիմնազուր են, սակայն դատավորներ Արտուշ Գաբրիելյանը և Նելլի Բաղադասրյանը կայացրեցին կալանավորման դատական ակտեր», - ասաց Վահե Եփրիկյանը։
Փաստաբանը նշեց նաև՝ իր գնահատմամբ իր պաշտպանյալները քաղբանտարկյալներ են, քանի որ գործն ամբողջությամբ քաղաքական հետապնդում է։