30/09/2019 11:06
Փաշինյանն անհրաժեշտ է համարում եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան
«Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովը լավ հարթակ է առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղիների և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաների ճարտարապետության հաստատման վերաբերյալ տեսակետների փոխանակման համար, այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հուսով եմ, որ քննարկումների արդյունքների հիման վրա մենք կկարողանանք ավելի լավ գնահատել մեր հնարավորությունները և հստակցնել մեխանիզմները՝ հաղթահարելու այն արգելքները, որոնք խոչնդոտում են տարանցիկ միջանցքների և սխեմաների լիարժեք կայացմանը, մեզ համար նախանշել առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման ամենաարդյունավետ մեթոդները», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրել ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպես նաև այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսական աճի համար:
«Այս համատեքստում առանցքային ոլորտներից մեկը եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացիան է, ինչը կապահովի ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության աճը, ինչպես նաև ապրանքների արտահանումը արտաքին շուկաներ», - ասաց նա:
ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի և այլ երկրների հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն Միության տնտեսական ներուժը՝ ապահովելով դրա լիարժեք ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, այլև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը:
«Հայաստանի Հանրապետությունը, ելնելով իր աշխարհագրական առանձնահատկություններից, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները և լոգիստիկան ապահովելու համար՝ մոտ ապագայում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անխուսափելի բարձրացման համատեքստում: Բացի տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց, Հայաստանը կարող է դառնալ նաև տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգիկ համակարգի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան», - ասաց Նիկոլ Փաշինյանը: