30/09/2019 13:36
Ամուլսարի գործից հեռացված Յուրա Իվանյանը ՔԿ-ում նոր պաշտոն է ստացել
Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանը, որը հայտնի սկանդալի պատճառով հեռացվեց քրեական գործի վարույթից, Քննչական կոմիտեում նոր պաշտոն է ստացել։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Aysor.am-ը տեղեկանում է, որ նա նշանակվել է Հայաստանի Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
«Կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են ՀՀ քննչական կոմիտեի գործունեության արդյունավետ կազմակերպմամբ, մասնավորապես՝ այն ուղղված է քննիչների ծանրաբեռնվածության համաչափությունն ապահովելուն և որոշ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն, առավել համակարգված և առանձին գործառույթներ իրականացնելու նպատակով ենթաստորաբաժանումներ ստեղծելուն», - ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ամուլսարի գործով քննչական խումբը ղեկավարում էր Յուրա Իվանյանը, որը, ինչպես լրագրողների հետաքննությունն էր պարզել, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է։ Հենց այդ նախարարն էր 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը: