30/09/2019 10:31
Ֆրանսիայում հրաժեշտ են տալիս Ժակ Շիրակին
Ֆրանսիան հրաժեշտ է տալիս երկրի նախկին առաջնորդ Ժակ Շիրակին: Երկուշաբթին ազգային սգի օր է հայտարարվել՝ ի հիշատակ ականավոր քաղաքական գործչի, որը սեպտեմբերի 26-ին մահացել է 87 տարեկանում:
Պաշտոնական արարողությունները կանցկացվեն նախ պատմական Հաշմանդամների պալատի պատվո բակում, որտեղ հանգուցյալ առաջնորդին զինվորական պատիվ կտրվի, հայտնել են Ելիսեյան պալատից: Նա 12 տարի՝ 1995-2007 թվականներին որպես հանրապետության նախագահ եղել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:
Զինվորական պատիվներից հետո սգո երթը կուղևորվի Փարիզի հին Սեն Սյուլպիս եկեղեցի, որը գտնվում է Լյուքսեմբուրգյան այգու և Սեն Ժերմեն պուրակի միջև: Այնտեղ Շիրակի ընտանիքի անդամների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արտասահմանյան երկրների առաջնորդների մասնակցությամբ տեղի կունենա հոգեհանգստի պատարագ: Եկեղեցում հրաժեշտի արարողություն ավարտելով՝ Մակրոնը Ելիսեյան պալատում կհանդիպի Փարիզ ժամանած արտասահմանցի գործընկերների հետ: