01/10/2019 17:47
ԵԱՏՄ-ն զարգանում է առաջանցիկ տեմպերով, սակայն նոր խնդիրներ կան. Վլադիմիր Պուտին
Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է առաջանցիկ տեմպերով, իսկ ինտեգրացիոն գործընթացները բարենպաստ ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսությունների վրա, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Միաժամանակ, մեր միության առջև ծառացած են նոր, մասշտաբային խնդիրներ: Կարծում ենք՝ անրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ապրանքների և ծառայությունների առևտրի ոլորտում եղած խոչընդոտների վերացման ուղղությամբ համակարգային աշխատանքին», - ասաց նա։
ՌԴ նախագահի խոսքով՝ լավ տեմպերով է կատարելագործվում նաև էներգետիկայի ոլորտում Միության օրենսդրության կատարելագործումը:
ՌԴ նախագահը հույս հայտնեց, որ մոտ ապագայում ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ միացյալ էլեկտրաէներգետիկ շուկայի պայմանավորվածությունները:
«Ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածությունը պետք է ձևավորվի գազի, նավթի ու նավթամթերքի միութենական շուկայի հետ՝ 2025թ.-ին: Առաջին հերթին անհրաժեշտ է ավարտել անդամ երկրների օրենսդրությունների միասնականացումը գազի մատակարարման ու փոխադրման ոլորտում», - նշեց Վ. Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ մեծ նշանակություն ունի ԵԱՏՄ մաքսային տարածք ներկրված ապրանքների հետագծելիության համաձայնագրի իրականացումը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, մեր այսօրվա որոշման համաձայն, կստանա համապատասխան լրացուցիչ լիազորություններ: Կարևոր է ապահովել Միության շուկայում ապրանքների շրջանառության թափանցիկությունը, դրա համար անհրաժեշտ է իրականացնել իրավաբանորեն նշանակալի էլեկտրոնային ուղեկցող ապրանքային փաստաթղթերի լիարժեք փոխանակում, ինչպես նաև ավելի ակտիվ ներդնել ապրանքների էլեկտրոնային մակնշումը», - նշեց նա։
ՌԴ նախագահը կարևորեց փոխարդյունավետ տնտեսական համագործակցության ամրապնդումը երրորդ երկրների հետ:
«Մեր Միության շփումների աշխարհագրությունն աստիճանաբար աճում է. Միությունը համագործակցության առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների, ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ: Շուտով ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ են մեկնարկելու Հնդկաստանի հետ», - նշեց ՌԴ նախագահը: