01/10/2019 09:40
«Ժողովուրդ». Ծառուկյանն ու Փաշինյանը հանդիպել են
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են: Ըստ թերթի աղբյուրների` նրանց հանդիպումները վերջին շրջանում հաճախադեպ են դարձել, նույնիսկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ են հանդիպել: Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ քննարկվել են ամենատարբեր հարցեր` առանցքայինը, սակայն, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցն է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մանրամասներ ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: Նա չի հերքել հանդիպման մասին լուրը, բայց մանրամասներ չփոխանցեց` ասելով. «Տեղեկատվությանը չեմ տիրապետում»:
Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում ասել, թե ինչպես կքվեարկի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկմանը: Թերթի տեղեկություններով` քվերակությունը խմբակցությունում ազատ է լինելու: Եվ, ըստ մեր աղբյուրների, սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումը Ծառուկյանի հետ:
Կողմ քվեարկելու մասին, թերթը հիշեցնում է, հստակ «Լուսավոր Հայաստանն» է միայն ասել, իսկ եթե 88 հոգանոց «Իմ քայլ»-ում էլ դեմ քվեարկողներ լինեն, ապա հնարավոր է` հարցի քվեարկությունը տապալվի: