01/10/2019 17:01
Սի Ցզինպինը խոստացել է պահպանել Հոնկոնգի բարձր աստիճանի ինքնավարությունը
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խոստացել է պահպանել երկրի հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի և Մակաոյի բարձր աստիճանի ինքնավարությունը, ասված է հաղորդագրության մեջ, որն այսօր հրապարակվել է WeChat սոցիալական ցանցում՝ երկրի կենտրոնական կառավարության պաշտոնական էջում:
«Մենք կշարունակենք հետևողականորեն պահպանել «մեկ երկիր՝ երկու համակարգ», «Հոնկոնգը կառավարում են հոնկոնգցիներն, իսկ Մակաոն՝ նրա բնակիչները» սկզբունքները: Մենք կապահովենք նրանց բարձր աստիճանի ինքնավարությունը՝ սահմանադրությանը և օրենսդրության հիմնարար նորմերին խստիվ համապատասխան», - հայտարարել է Չինաստանի ղեկավարը՝ հանդես գալով ՉԺՀ-ի կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ընթացքում:
Սի Ցզինպինը վստահություն է հայտնել, որ հատուկ վարչական շրջանները հաջողությամբ կզարգանան մայրցամաքային Չինաստանի հետ համատեղ:
«Վաղն անպայման էլ ավելի լավ է լինելու, քան այսօր», - ընդգծել է նա: