02/10/2019 18:10
Վստահ եմ՝ չենք ունենա իրավիճակ, երբ դեկտեմբերին ստիպված կլինենք հայտարարել, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է՝ գազի սակագինը չի բարձրանա։
«Ես չեմ կարծում ու կարող եմ նույնիսկ ասել՝ վստահ եմ, որ չենք ունենա իրավիճակ, երբ դեկտեմբեր ամսին ստիպված կլինենք քննարկում կազմակերպել ու հայտարարել, որ հունվարի մեկից գազի սակագինը բարձրանում է», - Ազգային ժողովում ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ անկախ ամեն ինչից՝ ինչ պայմամանավորվածություն էլ լինի, չի լինի իմպլեմենտացման ենթակա հաջորդ օրվանից կամ հաջորդ ամսից։
«Բանակցություններն ընթանում են կոնստրուկտիվ ձևաչափով, կարող եմ վստահեցնել ու չկա որևէ մի սիմպտոմ, որը վկայում է նրա մասին, որ ուղղակի ժամանակ է անցում, որից հետո կտրուկ պետք է սակագին փոխվի», - ասաց նա։
Մհեր Գրիգորյանը նշեց՝ չի կարծում, որ գազի սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամիսներին։
«Կա հասկացվածություն փոխադարձ, որ նման բան չի կարելի թույլ տալ։ Ի վերջո, աշխատանքը կլինի այնպես, որ բոլորի համար էլ ընդունելի լուծում լինի», - ասաց ՀՀ փոխվարչապետը։