02/10/2019 21:29
Իմ կյանքում երբեք ձեռքով չեմ բարևել Ռոբերտ Քոչարյանին. Հրայր Թովմասյանը՝ Քոչարյանի հետ կապերի մասին
Նման պնդումերն աբսուրդի ժանրից են, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն՝ անդրադառնալով հարցին, թե իր ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վերջինիս պաշտպանական խմբի անդմաների միջև սերտ հարաբերություններ կան:
«Իմ կյանքում երբեք ձեռքով չեմ բարևել Ռոբերտ Քոչարյանին, երբեք մի սենյակում մենք միաժամանակ չենք գտնվել: Մենք հեռահար բանավեճ ենք ունեցել նաև 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների դեպքում, բայց սա ինձ համար երրորդական նշանակություն ունի: Նման պնդումերն աբսուրդի ժանրից են», - ասաց Թովմասյանը:
Դիտարկմանը, թե Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն իր սանիկն է՝ Թովմասյանն ասաց, թեև Քոչարյանի պաշտպանն իր սանիկն է, բայց երբեք կողմ հանդես չի եկել և ոչ մի դեպքում չի կարող ազդել որպես ՍԴ նախագահ՝ իր որոշման վրա:
«Կողմ հանդես գալու դեպքում էլ, թեկուզ նա ինձ հարազատ մարդ է, ոչ թե նա՝ այլ տատս ու պապս էլ գերեզմանից ձեռքը բռնած գան, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ իմ համար էլ լինի որևէ որոշում չեմ կայացնելու, որը չի բխում իմ ներքին համոզմունքից», - ասաց նա:
Դիտարկմանը, թե շրջանառվում է կարծիք, որ ՍԴ նախագահը նախորդ իշխանություններից որևէ ակնկալիք ունի՝ Թովմասյանն ասաց.
«Նախորդ իշխանություններից ի՞նչ եմ ակնկալում, որ գան, ինձ նոր պաշտոն տա՞ն, այդ պաշտոնն ունեմ: Ես ոչ մի գործիքակազմ չունեմ նրանց սատարելու, նրանց իշխանության բերելու և այլն: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Ես նրա հետ ընդհանրապես առնչություն չեմ ունեցել: Իսկ թե իմ նախկին քաղաքական կուսակցությունն ում է պաշտպանում, դա իրենց գործն է, ում ուզում են՝ թող պաշտպանեն: Ես այդ որոշումների կայացման վրա զրո ազդեցություն ունեմ»:
Թովմասյանը ընդգծեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը գրվել է ՍԴ-ի աշխատակազմի կողմից՝ իր մասնակցությամբ.
«Իշխանությունը մտավախություն ունի, թե այնտեղից ի՞նչ կարծիք է գալու: Վախենու՞մ եք, որ ձեր քաղաքական որոշումների դեմ կարծիք է գալու», - ավելացրեց նա: