02/10/2019 21:34
Հորդորներ ու զրույցներ եղել են. ՍԴ նախագահն՝ իր նկատմամբ ճնշումների մասին
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պնդում է՝ գործող քաղաքական իշխանությունների կողմից իրեն զանգեր չեն եղել, մինչդեռ հորդորներ ու մտերմական զրույցներ եղել են:
«Ոչ ոք ռիսկ չի անի, ինձ ճանաչելով, զանգել ու ինչ-որ բան փոխանցել», - «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իր հանդեպ եղե՞լ են ուղղակի ճնշումներ, օրինակ՝ դատարաններ զանգերի տեսքով:
Դիտարկմանն՝ արդյոք եղե՞լ են հորդորներ ու մտերմական զրույցեր՝ Թովմասյանն ասաց.
«Հորդորներ ու մտերմական զրույցներ, Ձեզ վստահեցնում եմ, որ եղել են: Թույլ տվեք, այսօր չմանրամասնեմ»:
Ճշտող հարցին՝ ճնշում համարու՞մ է այն, որ այսօր իշխանության ներկայացուցիչներից շատերը սոցցացներում իր հրաժարականի թեմայով գրառումներ են կատարում՝ Թովմասյանն ասաց.
«Լավ են անում: Տեսեք՝ ճնշում միշտ էլ կա, բայց ես չեմ պատրաստվում փողոցային արդարադատություն իրականացնել: Եթե դու ստանձնել ես դատավորի պաշտոնը, դա հենց այնպիսի պաշտոն չէ: Ով չի եղել դատավոր, չի հասկանալու՝ ինչ է դա, ով չի ունեցել այս հոգեվիճակը, չի հասկանալու՝ ինչ է դա, ով գիշերվա 3-ին չի արթնացել քնից որոշումը նորից կարդալու, ով որոշում կայացնելուց առաջ եկեղեցի չի գնացել, դատավորի հոգեվիճակը չի հասկանալու»: