02/10/2019 10:11
«Ժողովուրդ». Իշխանական թևը Ստրասբուրգից շուտ կվերադառնա, որ մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չեն ընդհատի ստրասբուրգյան գործուղումը: Նրանք ԵԽԽՎ մայրաքաղաքում կմնան մինչև նստաշրջանի ավարտը և Երևան կվերադառնան հոկտեմբերի 5-ին: Իսկ, ահա, հայկական պատվիրակությունում իշխանական թևը ներկայացնողները ավելի շուտ կվերադառնան, որպեսզի ամեն կերպ մասնակցեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` ԵԽԽՎ նիստը չավարտած` հանուն քվեարկության առաջիկա օրերին հետ կվերադառնան ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ու իշխանական խմբակցության մյուս բոլոր պատգամավորները` Տաթև Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Հովհաննես Իգիթյանը:
Այսինքն` իշխանությունը նախագծին կողմ քվեարկող իր 5 ձայները ստրասբուրգյան խորհրդարանից «բերման է ենթարկում» հայկական խորհրդարան: