02/10/2019 18:39
Ինդոնեզիայում առաջին անգամ խորհրդարանի խոսնակի պաշտոնում կին է ընտրվել
Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի (Ինդոնեզիայի խորհրդարանի ստորին պալատ) խոսնակի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել, գրում է «The Jakarta Post» թերթը:
Նա Փուան Մահարանին է՝ ազգային հերոսի և ժամանակակից Ինդոնեզիայի հիմնադիրներից մեկի՝ Սուկառնոյի թոռնուհին:
«Վերջապես, 74 տարի անց երկրի խորհրդարանը կին է գլխավորել: Հուսով եմ, որ դա օրինակ կդառնա հանրապետության բազմաթիվ կանանց համար, որոնք չպետք է վախենան իրենց դրսևորել տարբեր բնագավառներում», - ասել է 46-ամյա Փուանը:
Նրա 72-ամյա մայրը՝ Մեգավատի Սուկառնոպուտրին, երկրում խոշորագույն՝ Ինդոնեզիայի պայքարի ժողովրդավարական կուսակցության առաջնորդն է:
Փորձագետները նշում են, որ նոր խոսնակը, որը մինչև վերջին ժամանակներն զբաղեցնում էր մարդկային ներուժի զարգացման և մշակույթի հարցերի համակարգող նախարարի պաշտոնը, դարձել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու գլխավոր թեկնածուներից մեկը: