02/10/2019 10:08
«Փաստ». Արման Սարգսյանի նշանակումը ոստիկանության համակարգում ոգևորությամբ է ընդունվել
«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանապետի պաշտոնից Վալերիյ Օսիպյանի ազատվելուց հետո սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ օրերին շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ թե՛ ոստիկանապետի, թե՛ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվեցին պաշտոնակատարներ:
Ըստ այդմ, խոսակցություններ կային, որ նրանք ժամանակավոր են նաև բառիս բուն իմաստով: Սակայն կոնկրետ ոստիկանապետի առումով «Փաստ» թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել: Ըստ այդմ, համակարգում ոգևորությամբ է ընդունվել Արման Սարգսյանի նշանակումը: Ավելին, մեծամասնության համոզմամբ, նրա նշանակումը այդ պաշտոնում արդեն ոչ թե պաշտոնակատարի, այլ ոստիկանապետի կարգավիճակում կլինի լավագույն որոշումը: Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ այդ տրամադրությունների մասին տեղեկացվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: