02/10/2019 14:01
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի թեման. Վլադիմիր Կարապետյան
Երեկ կայացած երկկողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի թեման, սակայն հասկանալի է, որ երկու երկրների առաջնորդները չէ, որ պետք է գազի գնի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Այնուամենայնիվ, դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և ավելի ճիշտ կլինի, որ իրենց բանակցությունների արդյունքում դա ձևավորվի»,- ասաց նա։
Վլադիմիր Կարապետյանը միաժամանակ տեղեկացրեց, որ երեկ կայացած Փաշինյան-Պուտին երկու հանդիպումներից մեկը տևել է շուրջ 1,5 ժամ, մյուսը՝ շուրջ 1 ժամ 15 րոպե։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ վարչապետին պաշտոնական այցի հրավերին՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հրավերն ընդամենը երեկ է ստացվել, և դեռևս վաղ է Մոսկվա այցի ժամկետների մասին խոսել։
«Երբ գերատեսչությունները կառավարությունից հանձնարարություն կստանան, կնախապատրաստեն այդ այցելությունը», - նշեց վարչապետի մամուլի խոսնակը։