02/10/2019 11:43
Օրենքի առաջ բոլորը հավասար են, քննություն կլինի, բոլորս էլ կիմանանք. Ծառուկյանը՝ Սեդրակ Առուստամյանի մասին
Օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանքն իրավապահ մարմիններում է, քննում են, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք առաջադրելու փաստին։
«Երբ կավարտեն, իրենք իրենց դիրքորոշումը կասեն, պարզ կլինի։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, քննություն կլինի, բոլորս էլ կիմանանք», - ասաց նա՝ հավաստիացնելով, որ Սեդրակ Առուստամյանի հետ այս ընթացում չի խոսել։
Հարցին՝ այս գործի շրջանակներում դեպի իրեն ուղղված սլաքներ չի՞ տեսնում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ ինքը ոչ մի բան չի տեսնում։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում առերևույթ չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Առուստամյանին սեպտեմբերի 18-ին մեղադրանք էր առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու համար: