02/10/2019 13:51
«Աստվածամոր տուն» հիմնադրամը պարգևատրեց «Աղոթք» թեմայով լավագույն լուսանկարիչներին. հաղթող լուսանկարը հուզիչ պատմություն ունի (Տեսանյութ)
Հոկտեմբերի 1-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում (Երևանի Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ) բացվեց «Աստվածամոր տուն» հիմնադրամի կազմակերպած «Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն ամփոփեց հիմնադրամի հայտարարած աղոթքի թեմայով լուսանկարչական մրցույթը։
Մրցույթին մասնակցել ցանկացողներին հայտ ներկայացնելու համար տրվել էր 20 օր՝ օգոստոսի 18-ից սեպտեմբերի 8-ը՝ Աստվածամոր Վերափոխման տոնից մինչև Աստվածամոր ծննդյան օրը: Այդ ընթացքում հիմնադրամը ստացել է 151 հայտ, որոնցից ժյուրին առանձնացրել է շուրջ 40-ը:
Նշենք, որ մրցույթի պատվավոր ժյուրիի անդամներն էին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քհն. Արթենյանը, լուսանկարիչ Հրայր Բազե Ավետիքյանը, «ՊիքսԱրտ» ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը և ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Վերջիններս ցուցադրվող լուսանկարներից լավագույն երեքն արժանացել են պարգևների. պատվավոր երրորդ տեղում է մասնագիտությամբ լրագրող Զարա Ղազարյանի լուսանկարը, երկրորդ տեղը տրվեց Նարեկ Առաքելյանի աշխատանքին, առաջին հորիզոնականում Կարպիս Կետիկյանի «Աղոթքն» է:
Հատկանշական է, որ առաջին տեղը գրաված աշխատանքը հուզիչ նախապատմություն ունի: Լուսանկարը կատարվել է Գյումրիում, երբ կառուցում էին Գյումրիի Թումո կենտրոնը. ժամանակին Երուսաղեմում ուսում առնող Կարպիսն այնտեղից իր հետ խաչեր էր բերել, ու տեսնելով բակում վազվզող 6-7 տարեկան որբ փոքրիկին՝ պատանին խաչերից մեկը նվիրում է նրան: Երեխան վերցնում է խաչը, առանձանում այն դամբարանի մոտ, որտեղ Աստվածամոր հարթաքանդակն է, ու սկսում շուրջ մեկ ժամ աղոթել: Հենց այդ պահին էլ ծնվում է «Աղոթք» լուսանկարը:
«Ուզում էի մարդիկ տեսնեն, որ այնպիսի մանուկներ կան, որոնք աղոթում են ու այս տարիքից հաղորդակցվում Աստծո հետ, այնինչ, գիտակցական տարիքում գտնվողները նույնիսկ չեն մտածում աղոթելու մասին», - Aysor.am-ի հետ զրույցում նկատեց Կարպիս Կետիկյանը:
«Աղոթքն Աստծու հետ խոսելու համամարդկային լեզուն է» իր խոսքում նշեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն՝ ընդգծելով, որ այս ցուցահանդեսն էլ միջոց է՝ երիտասարդների մեջ ամրագրելու քրիստոնեական արժեքները:
«Աստվածամոր տուն» հիմնադրամը հիմնադրվել է այս տարվա հունիս ամսին: Այն իրականացնում է կրթական և մշակութային ծրագրեր՝ հիմնական շեշտը դնելով ժամանակակից աշխարհում քրիստոնեաբար ապրելու վրա:
«Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը հիմնադրամի անդրանիկ ծրագիրն է։ Իրականացվում է գործընկեր Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման աջակցությամբ։ Ցուցահանդեսի դռները բաց են լինելու 1 շաբաթ: