03/10/2019 10:10
«Փաստ». Ձևավորվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որը ենթարկվում է վարչապետին
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարությունում ձևավորվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որն իր իրավասություններով ու գործունեության շրջանակներով բավական ուշագրավ մարմին է. այն չի ենթարկվում որևէ գերատեսչության, այլ ՝ ուղղակի վարչապետին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս կառույցի առումով Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականով առաջիկայում լուրջ զարգացումներ տեղի կունենան. մասնավորապես, նախատեսվում է կառույցի ներկայացուցչություններ ունենալ ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև առանձին մասնաճյուղեր՝ խոշոր քաղաքներում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նախատեսում է այնտեղ ընդգրկել ոչ քաղաքականացված, բայց իրեն հավատարիմ կադրեր, ներկայումս ընթանում է խորհրդի կազմի «քասթինգը»։
Ըստ լուրերի՝ այս խորհուրդը վերահսկման լուրջ գործիքակազմ է ունենալու, ավելի շատ հարելու է ուժային բլոկի կառույցների շարքին, իսկ կազմում կընդգրկվեն փորձառու և որոշակի կենսափորձ ունեցող ապաքաղաքական անհատներ։
Այս բլոկի համակարգման աշխատանքները, մեր տեղեկություններով, վերահսկում է անձամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»: