03/10/2019 16:47
Գերմանիան մեր հուսալի գործընկերն է. Փաշինյանը՝ Մերկելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Գերմանիայի վերամիավորումը նոր էջ բացեց համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ:
Այսօր Գերմանիան զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության վրա հիմնված երկրների լավագույն օրինակներից է:
Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը:
Այսօր Հայաստանն անցնում է մարտահրավերներով լի բարեփոխումների ճանապարհ, որոնց հաղթահարման գործում մեծապես կարևորում ենք մեր գործընկերների աջակցությունը: Այս հարցում Գերմանիան մեր հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակիցն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման սատարողը:
Թող առաջընթացը և բարօրությունը մշտապես ուղեկից լինեն գերմանացի տաղանդաշատ և ստեղծարար ժողովրդին», - ասված է ուղերձում։