04/10/2019 10:39
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առևտրային կազմակերպության հետ է համագործակցում: Օրինակ` օգոստոսի 20-ին 82 մլն 200 հազար դրամի պայմանագիր են կնքել այդ կազմակերպության հետ, ձեռք են բերել 500 հատ «Երևան» փայտե և թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատը 164 հազար 400 դրամ է արժեցել: Նախկինում էլ, ի դեպ, Երևանի քաղաքային իշխանությունները աղբամաններն են ձեռք բերել նույն «Նիկոլ Դուման»-ից հատը 78 հազար դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է` «Նիկոլ Դուման»-ի հիմնադիրներն են քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գևորգյանը ՀՅԴ-ից, քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական գործող պատգամավոր Վարդան Վարդանյանը և նրանց ընկերը` Արսեն Հայրապետյանը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս գործարքին, ասել է, թե գնման այդ գործընթացում խնդրահարույց դրույթներ կան, և պարզաբանում է պահանջել քաղաքային իշխանությունից, սակայն դեռ պատասխան չի ստացել: