04/10/2019 20:16
Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում անվտանգության նախատեսվող գոտու երրորդ վերգետնյա պարեկումն են իրականացնում
Թուրքիայի և ԱՄՆ զինվորականներն ուրբաթ օրը սկսել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում նախատեսվող անվտանգության գոտու երրորդ համատեղ վերգետնյա պարեկումը։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության ազգային նախարարությունը։
«Թուրքիայի և ԱՄՆ զինվորականներն իրականացնում են երրորդ վերգետնյա պարեկումը Սիրիայում Եփրատ գետից արևելք անվտանգության գոտու ստեղծման շրջանակում, մասնակցում են զրահատեխնիկա և անօդաչու թռչող սարքեր», - ասվում է ռազմական գերատեսչության հայտարարությունում։
Մինչդեռ, ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ հանրապետությունը մտադիր է ինքնուրույն գործել անվտանգության գոտու ստեղծման շրջանակում, ինչպես նաև տեղեկացրել էր այդ նպատակներով հանկարծակի Սիրիա մտնելու հնարավորության մասին։
Երկու երկրների զինվորականների առաջին վերգետնյա պարեկումն իրականացվել է սեպտեմբերի 8-ին։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունում նույն օրն այդ գործողությունը գնահատել են որպես «ագրեսիա՝ ուղղված ճգնաժամի ձգձգմանը» արաբական հանրապետությունում: